Բրիտանիայի Փորթլենդ քաղաքի բնակիչ Դերեք Միլլերը կանգնել է դատարանի առջեւ իր կնոջը՝ Գալինա Միլլերին դանակով սպանելու փորձի մեղադրանքով: Որպես դրդապատճառ 76-ամյա Միլլերը նշել է իրենց վատ հարաբերությունները, որի վերջին կաթիլը եղել է այն, որ կինը գիշերը վերմակը քաշել է իր կողմը:
Նրանք ամուսնացած են 11 տարի, որոնց հարաբերությունները լարված են եղել: Թոշակառուն պատմել է, որ դեպքից մեկ օր առաջ իրենք փորձել են հաշտվել: «Ես ընթրիք պատրաստեցի եւ մեծ ծաղկեփունջ գնեցի»,-ասել է նա, հաղորդում է Lenta.ru-ն:
Բայց գիշերը գալինան վերմակը քաշել է իր կողմը: «Դրա պատճառով ոտքերս մրսում էին, դա ինձ վերջնականապես հունից հանեց»,-պատմել է Միլլերը:
Առավոտյան տղամարդը խոհանոցում տեսնելով կնոջը, բացականչել է, «Հիմա դու կմեռնես» ու դանակով հարձակվել է նրա վրա, սակայն կինը հասցրել է շրջվել ու հետ հրել տղամարդուն: Վերջինս հասցրել է վնասել կնոջը, սակայն վնասվածքը շատ խորը չի եղել:
Բրիտանացին ինքն է զանգահարել ոստիկանություն եւ հայտնել, որ փորձել է սպանել կնոջը:



























