ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշենի միջնակարգ դպրոցն այս տարի 9 շրջանավարտ ուներ: Շուրջ 1600 բնակչություն ունեցող Բերդաշենի՝ 220 աշակերտ ունեցող դպրոցի շրջանավարտներից շատերն իրար հեռու-մոտիկ բարեկամներ են:
Դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը NEWS.am-ին պատմեց, որ տոնական միջոցառումից հետո աշակերտները ավանդույթի համաձայն գնացել են գյուղի 30 անմահացած հերոսների շիրիմներին ծաղիկներ դնելու և խոնարհումի խոսք ասելու։
«Մեր բոլոր ցանկությունները, ինչպես մեր բոլոր տոներին, միայն մեկն է՝ Արցախ աշխարհի խաղաղությունը հաստատվի և մեր շրջանավարտները մեր հերոսների արժանի հետնորդները լինեն»,- ասաց տնօրենը։
Նրա խոսքով՝ իրենց դպրոցում դրամահավաքությունն արգելված է, յուրաքանչյուր ուսուցչի մեկական վարդ են նվիրվել։
9 շրջանավարտներից 6-ն ուսումը շարունակելու են Ստեփանակերտում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում.
«Գյուղի կյանքը դժվար է, աշխատանք էլ չկա, դրա համար երազում ենք բարձրագույն կրթության մասին, որպեսզի լավ մասնագիտություն ունենանք, ու իմ գյուղին էլ օգտակար լինենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին աշակերտները:
Բերդաշենցի շրջանավարտները պատերազմը չեն տեսել, բայց ամեն օր զգում են դրա շունչը։
«Չնայած պատերազմը չեմ տեսել, բայց հայրս, ով մասնակցել է պատերազմին, շատ է պատմել, ու բացի դրանից էսօր էլ պատերազմի շունչը զգում ենք գյուղում, ժամանակ առ ժամանակ դեռ պայթում են պատերազմի ժամանակ լարված ականները ու արդեն նույնիսկ սովորական է դարձել, ուղղակի ամեն նման դեպքի ժամանակ մնում է աղոթել, որ մարդ մահացած չլինի»,- ասաց շրջանավարտ Գոհար Աբալյանը։
Արցախցի շրջանավարտներին շնորհավորելիս կանաչ ճանապարհի ավանդական բարեմաղթանքը երկրորդն է. առաջին ու գլխավոր ցանկությունը խաղաղությունն է։





































