Վենեսուելայի մայրաքաղաքում ուրբաթ երեկոյան ավտոբուսի ուղեւորները Լինչի դատաստանի են ենթարկել գողին: Բարուտա տեղամասի ոստիկանապետ Մանուել Թանգիրը լրագրողներին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սանտա Ֆեում:
Զինված հանցագործը մտել էր ավտոբուս եւ ուղեւորներից պահանջել փողերը եւ զարդերը: Ուղեւորներից մեկը կարողացել է խլել նրա ձեռքից ատրճանակը, որից հետո մնացածներն սկսել են ծեծել գողին: Արդյունքում վերջինս ստացված վնասվածքներից տեղում մահացել է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դրանից մեկ օր ռաջ Լարա նահանգում ուղեւորատար ավտոբուսում չհաջողված կողոպուտի եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել, սակայն այն ավելի ողբերգական հետեւանքներ էր ունեցել: Հանցագործներից մեկը մահացու վիրավորել էր վարորդին, մեքենան դուրս էր եկել ճանապարհից եւ շրջվել: Զոհվել էր յոթ մարդ, հինգն էլ ծանր վնասվածքներ էին ստացել:





























