Եգիպտոսում սկսվել են «լռության» երկու օրերը` նախագահական ընտրություններից առաջ: Երկու թեկնածուների քսանօրյա նախընտրական քարոզարշավն ավարտվել էր ուրբաթ. մեկն ավելի շատ հեռուստահարցազրույցներ էր տվել, մյուսը՝ հանրահավաք անցկացրել Կահիրեում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Եգիպտոսում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 26-27-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են երկու թեկնածու` սոցիալիստ-նասերիստ Հադմին Սաբահին եւ պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին:  Նախընտրական քարոզարշավը տեւել է 21 օր, որին հաջորդում են «լռության» երկու օրերը, երբ արգելվում է ցանկացած քարոզչություն: Խախտողներին սպառնում է մինչեւ 200 հազար եգիպտական ֆունտ տուգանք  (30 հազար դոլար):
Նախագահական մրցարշավի առաջատար թեկնածու աս-Սիսիի մեծ հարցազրույցն ուրբաթ հեռարձակել էին միագամից երեք արբանյակային հեռուստաալիքներ: Զինվորականին բացահայտ աջակցում են բազմաթիվ պաշտոնյաներ եւ խոշոր բիզնեսը,  նա վերջին քսան օրերին ամեն րոպե հայտնվում էր քարոզչական  հոլովակներում` երկրի գլխավոր հեռուստաալիքների եթերում:  Աս-Սիսիի նկարով պաստառները տեղադրված են  Եգիպտոսի քաղաքների եւ գյուղերի գրեթե բոլոր փողոցներում:

Նրա մրցակից Սաբահիին հեռուստաեթերում ավելի քիչ ժամանակ է բաժին հասել, քաղաքներում  նրա պատկերով պաստառներ այնքան էլ շատ չեն եղել: Սաբահիի օգնականները դա բացատրում են, որ իրենց թեկնածուն հարուստ հովանավորներ չունի: