Օլիմպիադայի անցկացմամբ պայմանավորված տեւական դադարից հետո քրեական աշխարհը կրկին աշխուժացել է։ Ռուսաստան են վերադարձել 50-ի մոտ քրեական հեղինակություններ, գրեթե ամեն շաբաթ «քրեական գեներալները» հաշիվներ են պարզում միմյանց հետ, հավաքներ անցկացնում։ Դրանցից մեկի ժամանակ գողի կարգավիճակից զրկել են ռուսական մաֆիայի «լեգենդ» Ալեքսանդր Սեւերովին՝ Սաշա Սեվեր մականվամբ հայտնի, գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։

Դեռեւս 2013-ին հատուկ ծառայությունները բացատրական զրույցներ էին վարել քրեական աշխարի ներկայացուցիչների հետ։ «Օրենքով գողերից» շատերը նման պայմաններում գերադասել էին Եվրոպա մեկնել։ Ովքեր մնացել էին, ջանում էին լուռ եւ աննկատ մնալ։ Ըստ գործկալության զրուցակցի՝ վերջերս «օրենքով գողերի» համար արգելքի ժամկետը լրացել է, եւ նրանք սկսել են Ռուսաստան վերադառնալ։ «Օրենքով գողերը» ապրիլի վերջից մշտապես հավաքներ են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են գործողությունների հետագա ռազմավարությունը, նաեւ թշնամիների հետ հաշիվներ են մաքրում։ Առայժմ գործընթացն առանց արյունահեղությունների է ընթանում, սակայն իրավապահները ենթադրում են, որ դա ժամանակավոր է։
Այս զանգվածային հաշվեհարդարի զոհ են դարձել նաեւ քրեական աշխարհի լեգենդար անհատականություններ։ Վերջերս զանգվածային հավաք է անցկացրել «օրենքով գող» Սերգեյ Վոլկովը՝ Վոլչոկ մականվամբ։ Դրան, ի թիվս այլոց, մասնակցել են գանգստերներ Յուրի Պիչուգինը (Պիչուգա) եւ Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես)։ Հավաքին «գողականները» որոշել են դադարեցնել սլավոնացի ամենահայտնի մաֆիոզներից մեկի՝  55-ամյա  Ալեքսանդր Սեւերովին (Սաշա Սեւեր) լիազորությունները, որը տասն անգամ դատված է եղել։  Գործակալության աղբյուրի տվյալով՝ Սեւերին հանդիմանել էին գողական ավանդույթներից հեռանալու, մասնավորապես՝ մի քանի հեռուստաալիքների հարցազրույց տալու համար։  Վոլչոկը նաեւ դժգոհություն է հայտնել նրանց, ոմ Սեւերովը ուղարկել է «օբշակի» գումարների մի մասը։

Հարկ է նշել, որ Վոլչոկի եւ Սեւերի հարաբերությունները մի քանի տասնամյակ է՝ բավական բարդ են։ Երկուսի ազդեցության գոտին էլ Տվերն է։ Երկար տարիներ տարածքի տերուտիրականը Սեւերովն էր, Վոլչոկին ոչ մի կերպ չէր հաջողվում սասանել նրա դիրքերը։ Արդյունքում նա ժամանակավորապես տեղափոխվել էր Կրասնոդար, բայց ստիպված էր եղել լքել այն իր դեմ հարուցված քրգործի պատճառով։ . Նրա վերադարձը Տվեր նշանավորվել է Սեւերի լիազորությունների դադարեցմամբ։

Պարբերական հավաքներ է անցկացնում նաեւ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինան)։ Ռուսաստան վերադառնալով՝ նա իր կլանն է ձեւավորել, որի անդամներից կարելի է առանձնացնել  Օլեգ  Մուխամետշինին (Մուխա), Վիկտոր Պանյուշինին (Պան), Կոնստանտին Բորիսովին (Կոստիլ), Վլադիմիր Օզյորսկիին (Զյուզյա), Էլգոջա Թուրքաձեին (Գուջա)։ Ընդ որում՝ կլանի անդամների թիվն օրեցօր աճում է, եւ այն սպառնում է դառնալ քրեական աշխարհի միանգամայն հզոր կառույց։

Վերջերս Օսետրինան հաճախ է լինում չեչեն «օրենքով գող» Իսլամ Էդիլգիրեեւի (Իսլամ Բոլշոյ) հետ։ Իսլամն իր հերթին «թագադրվել էր» ամենահեղինակավոր մաֆիոզի՝  Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ձեռամբ, իսկ վերջինիս սպանվելուց հետո հաճախ էր լինում նրա սիրելի «Հին Ֆաետոն» ռեստորանում, որի մուտքի մոտ էլ սպանել էին Ուսոյանին։ Սակայն հիմա Իսլամը ստիպված է հանդիպումների այլ վայր գտնել. մայիսի 19-ին ռեստորանը փակվել է։