«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ցույց է տվել, թե իրականում ինչ կարգի երկիր է Ադրբեջանը կամ «Կրակի երկիրը»՝ «Աթլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի հովանավորը։

 «Դուք իրոք ճանաչո՞ւմ եք Ադրբեջանին՝ «Աթլետիկո Մադրիդին» հովանավորող երկրին։

Պաշտոնական քարոզչության համաձայն՝ այն «Կրակի երկիր» է, գործնականում՝ «բռնությունների երկիր»։ Քարոզչությունը չպետք է մոլորեցնի միլիոնավոր հանդիսատեսներին, որոնք մայիսի 24-ին դիտելու են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Կովկասյան այս հանրապետությունը մամուլի ազատության ինդեքսում 180 երկրներից  160-րդ տեղում է, իսկ նախագահ Իլհամ Ալիեւը  մամուլի ազատության խժռող է եւ գրեթե վերացրել է բազմակարծությունը երկրում»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ադրբեջանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, այդ թվում՝ ՌաուֆՄիրկադիրովի կալանքի, անկախ հեռուստաալիքների բացակայության մասին։
«Ադրբեջանի կառավարությունը մայիսի 14-ին պարադոքսալ կերպով դարձել է եվրոպական մայրցամաքում մարդու իրավունքների երաշխավոր՝ ստանձնելով ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վրդովված է այս կապակցությամբ եւ ԵԽ 46 անդամ երկրներին կոչ է անում Ադրբեջանի նախագահին հիշեցնել մամուլի ազատությունը հարգելու իր պարտավորությունների մասին»,- նշված է հաղորդագրությունում։