Խաղաղ գործընթացի հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի կամքից, ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որեւէ մեկից։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով այն դիտարկումը, թե ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները դժգոհ են համանախագահի գործունեությունից եւ «Թվիթերում» ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա գրառումներից։

Միջնորդը հայտարարել է, որ ցանկանում է ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ աշխատել հանուն նրա, որպեսզի կողմերին օգնի խաղաղ համաձայնության իրական բանակցությունների ուղին գտնել ։ Ի պատասխան հարցին՝ արդյոք ճիշտ էր  Սարսանգի ջրամբարից համատեղ օգտվելու  նրա առաջարկը, դիվանագետը նշել է, որ համատեղ ընդունված որոշումն ընդունակ է լուծել հուսալի էլեկտրականության եւ ոռոգման ջրի պահանջարկը, քանի որ դա կար նախքան հակամարտության սկիզբը։

«Շփման գծի երկու կողմի մարդիկ կարող էին միասին աշխատել՝ հակամարտությունից տուժած գոտու բնակիչների վրա ուղիղ եւ դրական ազդեցություն ունենալու ուղղությամբ։ Մենք շարունակում ենք սատարել լարվածության մեղմացման եւ կողմերի միջեւ վստահության վերականգնման ցանկացած միջոցների», - ընդգծել է Ջ. Ուորլիքը։