Այսօրվա իշխող քաղաքական ուժը, ինչպես նաեւ մյուս քաղաքական կուսակցությունները դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն քաղաքական համակարգի հանդեպ մեր քաղաքացիների բոլոր պահանջները: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօրվա իշխող քաղաքական ուժը, ինչպես նաեւ մյուս քաղաքական կուսակցությունները դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն քաղաքական համակարգի հանդեպ մեր քաղաքացիների բոլոր պահանջները: Ես շատ լավ հասկանում եմ, որ (միայն մեր մասով ասեմ, որ ուրիշները չնեղանան) մենք հաճախ չենք կարողացել արդարացնել պարզ մարդկանց սպասելիքները, հաճախ ուղղակի հոգնեցրել ենք մեր բարձրացրած աղմուկով, քաղաքական դեբատներն ընկալվել են որպես դատարկ լեզվակռիվ, իսկ կուսակցական մրցակցությունը՝ մարդկանց ակնկալիքների հետ կապ չունեցող ինչ-որ ինքնանպատակ մրցույթ: Ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ: Բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրում կայացած քաղաքական համակարգ արմատավորելը նույնքան աշխատատար եւ ժամանակատար գործընթաց է, որքան ասենք պետական կառավարման համակարգը կայացնելը»,- նշել է Սարգսյանը:
Նա նկատել է, թե որպես պետություն այդ ճանապարհին արդեն իսկ հսկայական առաջընթաց կա: «Անհնար է համեմատել այսօրվա քաղաքական համակարգը 10 կամ 20 տարվա վաղեմության իրողությունների հետ: Հիմա բացարձակապես այլ իրավիճակ է: Սակայն պարզ է նաեւ, որ դեռ անցնելու մեծ ճանապարհ ունենք թե՛ կուսակցությունների զարգացման, նրանց կայունության ու գործունեության թափանցիկության, թե՛ դասական երկբեւեռ քաղաքական համակարգի ձեւավորման հարցերում: Խոսքս ոչ միայն սահմանադրական կամ օրենսդրական լուծումների, այլեւ համապատասխան ավանդույթների ձեւավորման մասին է»,- նկատել է Սարգսյանը:
Նա նշել է, թե գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները: «Դա թաքնված կամ անթաքույց անում են բոլորը: Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից արդեն զբաղված են ապագա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում:
Մեր դիրքերը, կառավարող կուսակցության պատասխանատվությունն ու խնդիրները բոլորովին այլ են: Առաջիկա երեք-չորս տարիները հսկայական ժամանակ են գործ անելու եւ երկիրն առաջ մղելու համար: Մենք հենց դա՛ ենք անելու: Մինչեւ հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել: Դեռ պետք է ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, դեռ պետք է ապահովել տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացումը: Այս ժամանակահատվածը մենք պարտավոր ենք օգտագործել արդյունավետ»,- նշել է նա:
Ըստ Սարգսյանի, եթե ընդդիմադիրները կարող են ընտրությունների գնալ ոչ էական փաստացի արդյունքներով եւ միայն իշխանություններին անխնա քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: «Առաջիկա տարիները լինելու են խիստ կարեւոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի եւ կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք եւ դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում:
Աշխարհում շատ բան մեզնից կախված չէ, բայց մեր երկրում շատ բան մեզնից է կախված: Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք՝ հանրապետականներս (առնվազն այսօր այդպես է): Ուրեմն, չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է՝ քիչ պայքար, շատ գործ:
Ասվածը չի նշանակում, թե Հանրապետականը չպետք է պարզաբանումներ ու մեկնաբանություններ տա իր քայլերի վերաբերյալ: Ընդհակառակը, մեր պարտքն է զեկուցել եւ մանրամասնել, թե ինչ ենք անում եւ ինչու: Բայց դա չպետք է կրի քարոզարշավի բնույթ: Չի՛ կարելի թույլ տալ, որ ողջ հասարակությունը ժամանակից շուտ ներքաշվի նախընտրական թոհուբոհի մեջ: Երբ մի ամբողջ երկիր, իր բան ու գործը թողած, զբաղվում է քաղաքական պայքարով, ընդ որում՝ անպատեհ ժամի, դժվար է բարի պտուղներ ակնկալել»,- ամփոփել է Սարգսյանը:




























