Հայաստանի կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, թե կառավարության ծրագիրը փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն եւ արդար աշխատանքը խրախուսելուն:

«Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկա միտումներն ու մեզ համար կարեւոր շուկաներից եկող բացասական ազդակները՝ կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար: Դա ճիշտ մոտեցում է, որը նվազեցնում է իրականացվող քաղաքականության ռիսկերը: Սակայն ես համոզված եմ, որ սովորականից ավելի ջանքերի շնորհիվ կառավարությունը կարողանալու է առավել մեծ իրական արդյունքներ ցույց տալ, ամրագրված թիրախներից նկատելիորեն ավելի ցուցանիշներ ապահովել»,- նկատել է Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, գալիք տարիների բոլոր քայլերը լրջորեն են քննության առնվել: «Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձեւավորել կառավարության գործունեության հանդեպ: Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում եւ ունի մեր բոլորի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը:

Կառավարության անդամների վրա նույնպես հսկայական պատասխանատվություն է դրված: Բոլորի աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով, գործի հանդեպ նվիրվածության եւ ջանասիրության մակարդակով: Անփոխարինելի մարդիկ չկան: Թերացողները շատ արագ կփոխարինվեն: Մեր կադրային պահուստը բազմապատիկ ավելին է, քան ոմանց կարող է թվալ»,- նշել է Սարգսյանը: