Հայաստանի սոցիալ-տնտեսական վերելքը սերտորեն կապված է նաեւ համակարգային փոփոխությունների հետ: Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու եւ իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում: «Մենք պետք է հստակ, նաեւ ինքնաքննադատաբար, արձանագրենք, որ անկախության ձեռքբերումից հետո ավելի քան երկու տասնամյակ անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք առանց վարանելու պնդել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, իսկ դատարաններն անկախ ու անաչառ են»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով, մեր քաղաքական համակարգը արդիականացման մեծ կարիք ունի: «Այն գերանձնավորված է եւ գերկենտրոնացված: Ակնհայտ անհամամասնություն կա տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի եւ նրանց քաղաքական պատասխանատվության միջեւ: Գործադիր իշխանության համակարգն անկատար է, չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Այս ամենը բոլորովին էլ չի նպաստում արդյունավետ կառավարմանը, պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահությանը»,- նշել է Սարգսյանը:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նախագահը նշել է. «Դուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Անկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն եւ անաչառ քննարկումների առարկա՝ վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից: Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ եւս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»:
Ըստ նախագահի, քաղաքական համակարգի արմատական բարեփոխումները սերտորեն կապված են նաեւ դատական իշխանության հիմնախնդիրների հետ: «Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանց անկախ ու անաչառ դատարանի մենք չենք ունենալու ո՛չ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանություն, ո՛չ հուսալի ներդրումային միջավայր: Ուստի սահմանադրական բարեփոխումների կարեւորագույն խնդիրներից մեկը դատական իշխանության առկա հիմնախնդիրներին արդիական եւ մնայուն լուծումներ տալն է:
Սրանք առաջնային հարցեր են, որոնք նաեւ քննության առարկա պետք է դառնան մեր կուսակցության բոլոր օղակներում, բոլոր մակարդակներում: Մենք երկար ժամանակ չունենք, եւ ակնկալում եմ, որ ՀՀԿ գործադիր մարմինը հնարավորություն կունենա արդեն ամռանը դիտարկելու տեղերում նման ակտիվ քննարկումների արդյունքների մասին ամփոփումները»,- ամփոփել է նախագահը:




























