Գալիք տարիներին մենք հիմնական խնդիր ունենք, եւ այդ խնդիրը եղել է, կա եւ լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո՛չ հաղթողի, ո՛չ պարտվողի համար. այն շարունակվում է այլ հարթությունում: Հաղթողը լավ գիտի պարտադրված պատերազմում հաղթանակի գինը, որ վճարել է արյամբ եւ կորուստներով: Պարտվողին կուրացնում է հաղթանակը վերանվաճելու կործանարար մոլուցքը. մոլուցք, որը նրան զրկում է բանականությունից, կառուցողական բանակցելու ցանկությունից»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, իր իսկ կողմից պարտադրված պատերազմում պարտված հարեւանն այսօր, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է կացնով խմբագրել պատմությունը` պատերազմ մղելով տեղեկատվական հարթությունում: «Բովանդակային հարթությունում լինելով սնանկ՝ տուրք է տալիս ձեւին, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ գումարներ ծախսելով սպառազինության վրա: Այս դահլիճում շատերն անձամբ են զգացել հաղթանակի բերկրանքն ու կհամաձայնվեն, որ պատերազմում հաղթում է ոչ թե փամփուշտը, այլ մարդը: Մարդու տեսակը, մարդու կամքը, մարդու համոզմունքները, հավատը եւ որ ամենակարեւորն է՝ ազատատենչությունը: Հաղթում են քաղաքացիները, հայրենիքի, երկրի պատասխանատու եւ հպարտ քաղաքացիները, որոնց միավորում են ոչ թե կուսակցական պատկանելությունը, ճաշակը, նախասիրությունները, գրպանի պարունակությունը, այլ այն համոզմունքը, որ մեր գործն արդար է»,- ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Մեր հարեւանը, բազմաթիվ միջազգային գնահատականների համաձայն, կառուցում է բռնապետական, ռազմականացված հասարակություն, ամեն օր եւ ամեն ժամ իր հասարակությանը ներարկելով հակահայ քարոզչություն՝ սերմանում է ատելություն եւ թշնամանք»:

«Մենք գիտենք, որ հասարակության ռազմականացումը փակուղի է տանում: Կենսունակ եւ ուժեղ է այն հասարակությունը, որում գերակայում է բազմակարծությունը, որտեղ մարդիկ անկաշկանդ արտահայտում են իրենց գաղափարները, որտեղ գերիշխում է խոսքի ազատությունը, որտեղ կարեւորի եւ գլխավորի մասին մտահոգ բանավեճում է ծնվում բոլորի համար ընդունելի տարբերակը: Մենք այդպիսի հասարակություն ենք կառուցում: Բոլոր թերություններով հանդերձ՝ արդեն երկար ճանապարհ ենք անցել այս ուղղությամբ: Ու վաղն էլ նույնն ենք անելու՝ շարունակելու ենք ամրացնել սահմանը, հզորացնել մեր պետությունը եւ ուժեղացնել մեր հասարակությունը»,- նշել է նախագահը: