Հասարակական-քաղաքական հարաբերությունների զարգացումը մեր երկրում մտել է որակապես նոր փուլ: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տեղի են ունենում գործընթացներ, որոնք միգուցե առաջին հայացքից դեռ լիովին ընկալելի չեն, բայց հիմնովին փոխում են այդ հարաբերությունների բովանդակությունն ու կանոնները: Հանրային նշանակության գրեթե բոլոր գործընթացներն այսօր նախաձեռնվում, իրականանում եւ արդյունք են տալիս միայն, երբ իրագործողները ինստիտուցիոնալ կայուն միավորներ են: Հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ եւ կազմակերպված կուսակցությունների դերը:

Այս միտումը գնալով միայն խորանալու է: Այլընտրանք չկա: Այն ժամանակի եւ մեր հասարակության հասունության թելադրանքն է, որը նվազեցնում է անհատի, նույնիսկ ամենավառ անհատի դերը եւ մեծացնում խմբերի ու ներգրավման նշանակությունը»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով, խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողները եւ գրեթե զրոյի են հավասարեցնում «Բարեւ ձեզ, ես այսինչն եմ եւ ես եկել եմ ձեզ կառավարեմ» տրամաբանությամբ երեւույթները: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին, երբ հիմնական դերակատարները դառնում են ընդգրկուն հաստատությունները: «Չտեսնել այս միտումները, նշանակում է հետ մնալ ժամանակից: Ավելին ասեմ, մենք շարունակելու ենք խրախուսել հասարակական-քաղաքական դաշտի այսօրինակ զարգացումը: Սա է գործուն ժողովրդավարության հասնելու եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ինքնադրսեւորման աստիճանը բարձրացնելու ամենաարդյունավետ ճանապարհը»,- արձանագրելէ  Սարգսյանը:

»Երբեմն երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հնչում է մի հրաշալի վանկարկում. «Մենք ենք տերը մեր երկրի»: Համաձայնեք՝ շատ ոգեւորիչ փաստ է: Մենք յուրաքանչյուր քաղաքացու համար իրեն երկրի տերը զգալու եւ այդ զգացումն իրականացնելու հնարավորությունները պետք է արդյունավետ դարձնենք: Քաղաքացու համոզմունքը կամ բողոքը կարող են իրացվել հասարակական շարժումների միջոցով՝ հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցելու բաց հնարավորություններ ունենալով: Քաղաքացու պատկերացումներն ու պետության ընթացքի վերաբերյալ գաղափարները կարող են իրացվել նաեւ քաղաքական դաշտում՝ ընդգրկուն ու գործուն կուսակցական խողովակների հասանելիությունն ունենալով: Ամենագետ ու փրկիչ առաջնորդի գաղափարը սին է, դա ամբողջովին այլ տեղ է տանում, եւ մարդիկ դրա մասին լավ գիտեն: Առաջընթացի ճանապարհը նստել սպասելը չէ, թե նախագահը կամ վարչապետը որտեղից կհայտնվեն եւ ինչ կասեն, որ անենք: Չկա՛ նման ճշմարտություն:

Առաջընթացի ճանապարհը միավորումն է, մտքերի, գաղափարների ու դժգոհությունների համատեղումն է, գործուն մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս դրանք առանձնացնել, մշակել եւ իրագործել: Եվ Հայաստանը հաստատապես այդ ճանապարհով է շարժվում: Առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: