ՀՀ էներգետիկայի նախկին նախարար, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի համար ավելի հոգեհարազատ է խորհրդականի աշխատանքը։ Այս մասին այսօր ՀՀԿ 15-րդ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մովսիսյանը։
Արմեն Մովսիսյանը հրաժարվեց խոսել 2011-13 թվականներին գազի դիմաց ռուսական կողմին կուտակած 300 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականությունն ու չափի հիմնավորվածությունը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասի գնահատման համար խորհրդարանում ստեղծված գազի հանձնաժողովի մասին, միայն նշեց, որ եթե իր կարիքը զգացվի, կմասնակցի հանձնաժողովի քննարկումներին։
NEWS.am-ի հարցին, թե որ աշխատանքն է իր համար ավելի հոգեհարազատ, Մովսիսյանը պատասխանեց՝ նախագահի խորհրդականինը։ Հարցին, թե որքանով է հեշտ այդ աշխատանքը, նախագահի խորհրդականը պատախանեց. «Հեշտ աշխատանք չկա»։Լ
Հենց այդ պահին Արմեն Մովսիսյանին մոտեցավ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, որը հեգնանքով նշեց. «Հարբած մա՞րդ էիք գտել»։
NEWS.am-ի դիտարկմանը, թե լրագրողները տեսել են, որ Վարդան Այվազյանը օրերս՝ կառավարության ծրագրի քվեարկության օրը խորհրդարանում հարբած է եղել, վերջինը նշեց. «Հա, հիմա էլ հարբած գլորվում եմ, չե՞ք տեսնում»։
Վարդան Այվազյանը եւ Արմեն Մովսիսյանը հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել։




























