Հայաստանի հանրապետական կուսակցության` մայիսի 24-ին ընթացող 15-րդ համագումարին բաց քվեարկությամբ քաղաքական ուժի Գործադիր մարմնի նոր կազմ է ընտրվել:
Նախքան քվեարկությունը կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ 19 անդամ ունեցող գործադիր մարմնում ընդամենը մեկ փոփոխություն է առաջարկվում: Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիվանագիտական գործունեության անցնելու առթիվ, ՀՀԿ խորհրդի անդամ կդառնա, իսկ նրա տեղը գործադիր մարմնում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կզբաղեցնի:
«Մենք նպատակահարմար ենք գտել, որ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի խորհրդի անդամ դառնա», - նշել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ համագումարից հետո կուսակցության գործադիր մարմնի նիստ է կայանալու:




























