Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հայ երկու ենթադրյալ գողերի են կալանավորել, գրում է «Glendale News-Press»-ը։
Ոստիկանությունն ահազանգ է ստացել 29-ամյա Էլվիս Ղազարյանի մասին, որին նկատել էին այն պահին, երբ իր «Chevrolet Equinox» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշն էր հանում։ Մեքենայում նաեւ ուղեւորուհի կար՝ 20-ամյա Քրիստինե Անտոնյանը։
Երբ ոստիկանները մոտեցել էին զույգին, Ղազարյանը մեքենայով փախուստի էր դիմել։ Սկսվել էր հետապնդումը Լոս Անջելեսի փողոցներով՝ մինչեւ Գլենդել, որտեղ էլ նրանց ավտոմեքենան բախվել է այլ մեքենայի։ Ոչ ոք չի տուժել։ Կասկածյալները շարունակել են սլանալ, հետո հանկարծակի կանգ են առել եւ ոտքով դիմել փախուստի։ Երկուսին էլ իսկույն բռնել են ոստիկանները։
Հետաքննությունը պարզել է, որ Ղազարյանն ու Անտոնյանը գողություն էին արել «CVS» խանութից։ Նրանք նաեւ թմրանյութերի ազդեցության տակ են եղել։ Ավելի ուշ ոստիկանները թմրանյութեր են գտել ձերբակալվածների ավտոմեքենայում։
Ղազարյանն ու Անտոնյանը կալանավորվել են գողության եւ արգելված նյութեր պահելու կասկածանքով։ Ղազարյանը նաեւ ոստիկանությունից փախչելու մեջ է մեղադրվում։ Ղազարյանը հսկողության տակ է, գրավի գումարը կազմում է 100 հազար դոլար։ Քրիստինե Անտոնյանը ազատվել է 20 հազար դոլար գրավով։




























