Փակ շուկում տեղադրված ռումբի ահազանգի մասին շուկայի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները չէին նախազգուշացրել, ինչը վրդովեցրել էր նրանց:

«Շատ լավ է, դեմ չեմ, որ այսպիսի աշխատանքներ են կատարում, բայց ինչու՞ է կիսատ-պռատ: Նա մարդ է, նա մարդ չի՞: Չէ որ կողքերն էլ բնակիչներ կան, ինչի՞ իրենք տեղեկացված չեն: Պայթուցիկը պայթուցիկ ա, ի՞նչ ա՝ կարող ա՞ կինո են նկարում: Կողքի մարդիկ ինչու՞ տեղյակ չեն: Ոչինչ չէր լինի, ահազանգեիք, չէին ուզի դուրս գալ, թող մնային տներում, չնայած ես չեմ էլ հավատում, որ ռումբ կա»,-լրագրողներին բողոքեց Փակ շուկայի հարևանությամբ գտնվող  շենքի բնակիչներից մեկը, որը լրատվությունից տեղեկանալով ահազանգի մասին, շենքից դուրս էր եկել:

ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ին ասաց, որ իրավապահներն են տարհանման որոշում կայացնում, և վտանգի չափը գնահատելով՝  նրանք որոշել են չտարհանել հարակից շենքի բնակիչներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 10.22-ին ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկայի» տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել էր շուկայի տարածքից:

Ահազանգից մոտ երկու ժամ անց պարզվել էր, որ այն կեղծ է: Աշխատակիցները մտել էին Փակ շուկա, եւ մոտ 12։30-ին շուկայի բնականոն աշխատանքը վերականգնվել էր։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am