Եվրոպայում սպանված հրեաների հիշատակին կառուցված հուշարձանի շուրջ 80 տոկոսն ավերվել է, գրում է գերմանական The Local պարբերականը: 27 մլն եվրո արժողությամբ հուշարձանի բացման արարողություներից հետո` վերջին ինը տարիների ընթացքում կառույցի 2711 սյուներից 44-ն արդեն վերանորոգվել են եւ պողպատե առէջքներով ամրակցվել: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հուշարձանի կառույցն ապահովելու համար եւս 380 պողպատե կոնստրուկցիաներ են պատվիրվել: Russia Today-ի հաղորդմամբ, ներկայումս 2200 բետոնե սյուներ այս կամ այն չափով ավերման եզրին են կանգնած:

Հարկ է նշել, որ ամերիկացի ճարտարապետ Պիտեր Այզենմանի նախագծմամբ Բրանդենբուրգյան դարպասների մոտ կառուցված հուշարձանը բացման արարողությունից անմիջապես անց է քննադատության արժանացել` ճաքեր ունենալու պատճառով: Չնայած ինքը` ճարտարապետը հայտարարում էր, որ հուշարձանը «Բեռլինում երբեւէ օգտագործված ամենալավ»   նյութերով է կառուցվել: Հիմա արդեն հայտարարություններ են հնչում այն մասին, որ մեղավորը հուշարձանի հիմքն է:

Ներկայումս բաց է մնում այն հարցը, թե ով պետք է այսուհետ հուշարձանի պահպանման ծախսերը փակի. դրանք կարող են մի քանի միլիոն եվրոյի հասնել: