Մեծամորի բնակիչ, 35-ամյա Էդիկ Մ.-ն մեղադրվում է կնոջըւ ծեծելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում: Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի մոտակայքում գտնվող իր կողմից վարձակալած անասնապահական ֆերմայում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ` Հերմինե Ս.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ապտակել եւ ձեռքին գտնվող բանալիներով հարվածել է վերջինիս  գլխին` պատճառելով  թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Էդիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է  տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: