Ավանդաբար, երբ մահվան դատապարտված հանցագործին կախաղան էին հանում լոնդոնյան դոկերից մեկում, նրա կյանքի պատմությունը հենց այնտեղ էլ վերջանում էր: Սակայն նույնը չի կարելի ասել 1701թ. մայիսի 23-ին կախաղան հանված տղամարդու մասին: Մահապատժից հետո նրա փառքն էլ ավելի էր տարածվել, իսկ անունը` այնքան հայտնի դարձել, որ հետագայում շատերի կողմից ժողովրդական բանահյուսության արդյունք կամ մտացածին պատմության հերոս էր ընկալվում: Սպանության եւ ծովահենության համար մահվան դատապարտված այդ հանցագործի անունը Վիլյամ Քիդ էր, սակայն նա ահեղ կապիտան Քիդ անունով էր առավել հայտնի:

Ինչպես «Cecil Whig» պարբերականն է գրում, շոտլանդացի ծովահեն Վիլյամ Քիդը մեղավոր էր ճանաչվել Հնդկական օվկիանոսում նավարկությունից վերադարձած Վիլյամ Մուրի սպանության մեջ: Չնայած Քիդը իսկապես պատմությանը առավել հայտնի ծովահեններից մեկն է համարվում, բազմաթիվ պատմաբաններ այդ տեսակետը տրամագծորեն հակառակ դիրքորորշմամբ են վիճարկում, ասելով, թե նրա հանդեպ պատմությանը հայտնի ամենից շատ զրպարտություններն են գործի դրվել:

Քիդն իր ամենամեծ մրցանակը 1698 թ.-ին է ձեռք գցել: Խոսքը 400 տոննա ընդհանուր կշռով գործվածքեղեն, արեւելա-հնդկական ապրանքներ, ինչպես նաեւ ոսկի եւ արծաթ տեղափոխող հայկական նավի մասին է:  Հայկական լինելով հանդերձ, այն անգլիացի կապիտան եւ ֆրանսիական անցագիր ուներ: Անորոշ իրադրության մեջ հայտնված Քիդը ի սկզբանե մտադիր էր բռնագրավված ապրանքները կապիտանին հետ վերադարձնել, բայց նրա գլխավորությամբ գործող ավազակախմբի անդամները դեմ են եղել, եւ նա ի վերջո տեղի է տվել: Հենց այս գործի հետեւանքով էլ Անգլիայի իշխանությունները նրան ծովահեն են հայտարարել եւ հետապնդելու ու կալանքի տակ վերցնելու օրդեր տրամադրել:

Քիդը, տեղյակ չլինելով հիշյալ արձագանքների մասին, հայկական նավը «Adventure Prize»-ի վերանվանելով, ուղղությունը դեպի Մադագասկար է վերցրել, որտեղ նրա հանցակիցները որոշել են այլ ծովահենի միանալ: Ավելի ուշ Քիդը «Adventure Prize»-ով Կարիբյան ավազանում է հայտնվել, իսկ այնտեղից էլ` Նյու-Յորք մեկնել, որտեղ էլ նա տեղեկացել է, որ իր հանդեպ, որպես ծովահենի, հետախուզում է հայտարարված, եւ որ մի քանի անգլիական ռազմանավեր փորձում են իր հետքը գտնել: Քիդն այնուհետ որոշել է «Adventure Prize»-ը Կարիբյան ծովում թողնելով` շլյուպով Նյու-Յորք վերադառնալ: Մինչ այդ նա հասցրել է հայկական նավից բռնագրավված գանձերը Գարդիներս կղզում եւ մի քանի այլ վայրերում թաքցնել:

Քիդի գանձերը, համաձայն շրջանառվող լուրերի, նավարկության երթուղուն զուգահեռ` ափամերձ հատվածի երկայնքով մեկ, այդ թվում նաեւ` ամերիկյան Մերիլենդ նահանգում են թաքցված: