ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անսպասելի այցելել է Աֆղանստան: Նա մտադիր էր Բահրամ ավիակայանում հանդիպել աֆղանցի իր գործընկեր Համիդ Քարզայի հետ, սակայն վերջինս հրաժարվել է Օբամայի հետ հանդիպման գալ Քաբուլից, փոխանցում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Press-ը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի ղեկավարության եւ Աֆղանստանի հեռացող նախագահի հարաբերությունները լարվել էին անվտանգության երկկողմ համաձայնագրի ստորագրումից Քարզայի հրաժարվելու պատճառով, որն ԱՄՆ-ին թույլ կտար իր ռազմական ներկայությունը պահպանել այդ երկրում` հիմնական զորքերը 2014 թ. վերջին դուրս բերելուց հետո:
Այնուամենայնիվ, Օբաման հեռախոսով կապվել էր Քարզայի հետ: Նա հայտարարել էր, որ մտադիր է անվտանգության համաձայնագիր կնքել Քարզայի իրավահաջորդի հետ, փոխանցում է Reuters-ը` վկայակոչելով աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյային:
Փոխանցվում է, որ «15 -20 րոպե» տեւած հեռախոսազրույցի ընթացքում Օբաման եւ Քարզայը քննարկել էին Աֆղանստանի անվտանգության ուժերի ձեւավորման գործում ձեռք բերված առաջընթացը:
Ներկայումս Աֆղանստանում նախագահական ընտրությունների քարոզարշավ է ընթանում: Հունիսի 14-ին` նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, պայքարելու են երկրի արտգործնախարար Աբդուլա Աբդուլան եւ ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանի Ահմադզայը:





























