Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթը հրաման է ստորագրել գեներալ Պյայուտ Չան-Օչին երկրում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման արդյունքում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների դերը ստանձնած կառույցի` խաղաղության եւ կարգուկանոնի պահպանման ազգային խորհրդի ղեկավար նշանակելու մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Խորհուրդը մայիսի 22-ին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում` զինվորականների կողմից էր ստեղծվել: Այն, առանց հիշյալ նշանակման էլ, երկրի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Պյայուտ Չան-Օչի կողմից էր ղեկավարվում` համաձայն իր իսկ հրամանի: Սակայն, դիտորդների գնահատմամբ, Չան-Օչի` թագավորական հրովարտակով պաշտոնավարումը թաիլանդցի ժողովրդի աչքում էլ ավելի մեծ կշիռ կհաղորդի գեներալին: Թագավորության բնակիչները չափազանց հարգալից են վերաբերվում իրենց 86-ամյա միապետին, ում գահակալման տարիներն ամենաերկարն են երկրի պատմության մեջ:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջին չորս օրերին, անտեսելով զանգվածային բողոքի ակցիաների անցկացման` խորհրդի կողմից սահմանված արգելքը, ողջ երկրով մեկ հակազինվորական հանրահավաքներ են ընթանում:





























