ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագիրը արդյունավետ չէր, եւ կաելի է ասել, որ բացասական էր Ուկրաինայի համար, քանի որ զոհվեցին հարյուրավոր մարդիկ, NEWS.am-ին հայտնել է Լեհաստանի Վրոցլավի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ասպիրանտ Յակուբ Բենեդուչակը` անդրադառնալով  «ԱԳ»-ի ապագային:

Ըստ նրա` «Արեւելյան գործընկերության» ծրագիրը շարունակել այն տեսքով, որը կա, նշանակում է ընդհանուր մոտեցում ցուցաբերել բոլոր մասնակից երկրների հանդեպ, կամ էլ պետք է առանձին աշխատել   յուրաքանչյուր պետության հետ: «Անհատական  աշխատանքի այդպիսի մոտեցում էին առաջարկել նույնիսկ ուկրաինացիները՝ ասելով, որ  իրենց երկրի դեպքում այդ ծրագիրը ոչ մի լավ արդյունք չտվեց», - նշել է Բենեդուչակը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն իր բացասական դերն ունեցավ Ուկրաինայի ճգնաժամում, քանի որ  բավական ակտիվ «չէր սեղմում» եւ Ուկրաինային այնպիսի առաջարկություններ չարեց, ինչպիսիք Ռուսաստանը:

«Եվրամիությունը որեւէ հստակ բան չառաջարկեց եւ դրանում այն շատ մեղավոր է: ԵՄ-ն հետո սկսեց գործել այն ժամանակ, երբ մարդկանց սպանում էին: Այս դանդաղ եւ երկյուղած քաղաքականությունն ուղղակի ահավոր է», - Կարծում է Բենեդուչակը: Բրյուսելը, ըստ նրա, ի վիճակի չեղավ քաղաքական կամք դրսեւորել:  «Երկրորդ թուլություն այն էր, որ իրավական եւ քաղաքական իմաստով ԵՄ-ն ի վիճակի չէ անվտանգության երաշխիքներ տրամադրել:  Ինչպես ցույց տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քաղաքականությունը «փափուկ ուժով» չի սահմանափակվում, զորքեր են պետք»,- ընդգծել է Յակուբ Բենեդուչակը: