Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր՝ մայիսի 26-ին, պետք է լսեր չորս լրագրողների՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դիմումի կապակցությամբ վերջինիս պարզաբանումները, սակայն «Շմայսը» չի ներկայացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ էթիկայի հանձնաժողովը մինչեւ հունիսի 2-ը ժամանակ ունի որոշում կայացնելու:

NEWS.am-ի հետ զրույցում «Շմայսն» ասաց, որ նիստին չի ներկայացել, քանի որ «քաղաքում չէ»: Այլ հարցերի պատգամավորը հրաժարվեց պատասխանել եւ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ լրագրողներն իրենց պահանջն ու բացատրությունները հանձնաժողովին ներկայացրել էին ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել հայ-ռուսական գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ: Այդ օրը մի շարք լրագրողներ պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ եւ պահանջել դեմ քվեարկել գազային համաձայնագրերին: Այդ ժամանակ Շմայսը բղավել էր. «Էս կապիկներին հանեք ըստուց»:

Պատգամավորը, ըստ դիմումատուների, անվայելուչ արտահայտություն է հնչեցրել նաեւ լրագրողական օթյակում բողոքի ձայն բարձրացրած մեկ տասնյակից ավելի լրագրողների հասցեին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am