Գերմանիան ողջունում է Ուկրաինայի նախագահի ընտրությունները եւ Ռուսաստանից նույնպիսի գնահատական է ակնկալում, «1+1» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով «Ազատություն ռադիոն»:

«Ես ուրախ եմ, որ ընտրությունները կայացել են: Դեռեւս չորս շաբաթ առաջ մենք կասկածում էինք: Ես ուրախ եմ, որ ընտրությունների օրն առանց  լուրջ արյունահեղությունների է անցել: Ես միանշանակ արդյունքի հույս ունեմ: Որպեսզի երկիրն արագ կարողանա վերադառնալ խաղաղության, քաղաքական եւ տնտեսական կայունության», - նշել է գերմանացի նախարարը:

Նա հավելել է, որ «հետաքրքրությամբ է լսել Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ որոշակի պայմանների դեպքում Ռուսաստանը կհարգի ընտրությունները»:

«Սրանք բոլորը դրական ազդանշաններ են, եթե ամեն ինչ լինի խոստացածի պես», - նշել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: