Սիրիայի ԱԳՆ-ն նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին՝ կոչ անելով դատապարտել մայիսի 22-ին Դարաա քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը:
«Դամասկոս» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նամակում գերատեսչությունն ընդգծել է, որ վերոհիշյալ ստոր սպանությունը սիրիացիների, նրանց գույքի, դավանանքի, մշակույթի եւ ենթակառույցների դեմ ուղղված բազմաթիվ հանցագործությունների շղթայի հերթական օղակներից մեկն է, որի նպատակն է կործանել Սիրիան՝ վերածելով ահաբեկչության եւ անգրագիտության օրրանի:
«Ամեն օր Սիրիայի քաղաքների, դպրոցների, հիվանդանոցների, քաղաքացիական անձանց վրա արկերի տարափ է թափվում, որպեսզի զոհերի քանակն առավելագույն դառնա: Տվյալ հանցագործությունները կատարվում են տարածաշրջանի եւ աշխարհի մի շարք երկրների ուղղակի աջակցությամբ, մասնավորապես` Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի: Այդ երկրները ձգտում են Սիրիայում ահաբեկչություն եւ մութ գաղափարներ սերմանել, կարծելով, որ իրենք դրանցից պաշտպանված կլինեն: Սակայն ահաբեկչությունն այսօր տարածվում է նաեւ այն աջակցող եւ սնող պետություններում», - ընդգծվում է հաղորդագրությունում:
Սիրիայի արտգործնախարարությունը միաժամանակ նշել է, որ մինչ այժմ ՄԱԿ-ի որոշ պատասխանատու անձինք, մասնավորապես մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը, ենթարկվում են հակասիրիական դավադրության մասնակից երկրներին, զեկույցներ եւ հայտարարություններ անում իրենց հանցավոր նպատակների իրականացման համար, շարունակում խեղաթյուրել փաստերը եւ քարոզչություն ծավալել Սիրիայի դեմ: Իսկ դա ամբողջությամբ հակասում է չեզոքություն պահպանելուն եւ մարդու իրավունքների պաշտպանությանը, այն ժամանակ, երբ նրանց ուղղակի պարտքն է ազգային հաշտության ցանկացած քայլ խթանել` արյունահեղությունը դադարեցնելու եւ Սիրիայում անվտանգությունը եւ կայունությունը վերականգնելու համար:
Հիշեցնենք, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների նախընտրական հանրահավաքի ժամանակ Սիրիայի ընդդիմության գրոհայինների կողմից իրականացված ռմբակոծության հետեւանքով զոհվել էր 39 եւ վիրավորվել 205 խաղաղ բնակիչ:




























