Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն կարող են, խորհրդականի կարգավիճակով, Ուկրիանայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի անդամ դառնալ: Այս մասին տեղական հեռուստատեսությամբ ՈւԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն է հայտարարել, ով, բոլոր էքզիթ-փոլլերի համաձայն, Կիեւի քաղաքապետ է ընտրվել:

«Վրաստանը մեզ համար օրինակ է հանդիսանում: Ես այդ թեմայի շուրջ շատերի հետ եմ խոսել: Քննարկումներ եմ ունեցել Սահակաշվիլիի հետ, ով իր ծառայություններն է առաջարկել, նաեւ Բենդուկիձեի հետ, եւ համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը, անհրաժեշտության դեպքում, իր օգնությունը կբերի Ուկրաինայի նորընտիր նախագահին», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, հայտարարել է Կլիչկոն:

Հիշեցնենք, որ համաձայն Ուկրաինայի ԿԸՀ կողմից հրապարակված տվյալների, երկրի նախագահական ընտրություններում բացահայտ առաջատար է դարձել գործարար Պյոտր Պորոշենկոն: