Եգիպտոսում մեկնարկած նախագահական ընտրությունների առաջին օրը` մայիսի 26-ին, հզոր պայթյուն է հնչել ընտրատեղամասերից մեկում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը Կահիրեից հյուսիս-արեւմուտք` 80 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Մահալլա Էլ Կուբրա քաղաքում է հնչել: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել, տեղական հեռուստատեսությանը վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդվել է, մայիսի 26-ին եւ 27-ին ԵԱՀ-ի քաղաքացիները պետք է երկրի նոր նախագահ ընտրեն: Համաժողովրդական քվեարկության անվտանգությունը տասնյակ հազարավոր զինծառայողներ եւ ոստիկաններ են ապահովում:

Բազմաթիվ ընտրատեղամասերի առջեւ, դեռեւս ընտրությունների մեկնարկից կես ժամ առաջ, հերթեր են կուտակվել: Մինչ այդ, երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիան իր կողմնակիցներին ընտրությունները բոյկոտելու եւ առաջիկա երկու օրը հնարավորության դեպքում տներից ընդհանրապես դուրս չգալու կոչ է արել:

Ընտրաթերթեկներում ընդամենը երկու անուն կա: Նախագահի պաշտոնին հավակնում են պաշտպանության նախկին նախարար Ֆաթթահ աս-Սիրին եւ սոցիալիստ-նասերիստ Համդեն Սաբբահին: