Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:
Հանրապետության նախագահը նշել է, որ Պողոսյան ընտանիքի հետ միասին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո արդեն տարիներ շարունակ փորձ է արվում վերհանել Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումները: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը կարեւորել է այն հանգամանքը, որ այս գործընթացի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրության աշխատանքներին, ինչպես նաեւ հայ երիտասարդների ստեղծագործական ձգտումներին:
«Յուրաքանչյուր մրցանակ կարեւոր առաքելություն ունի կատարելու: Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց եւ ձեւ են: Իսկ դա կարեւոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է տալիս համոզվելու, որ իր կատարած աշխատանքը գնահատվել է հանրության կողմից եւ հասել հասցեատերերին:
Յուրաքանչյուր ստեղծագործող իր գործը փորձում է ուղղել հավերժությանը: Աշխատանքը մարդուն այս աշխարհում հատկացված կարճ ժամանակահատվածը գերազանցելու, ասելիքը գալիք սերունդներին փոխանցելու կարեւոր միջոց է: Սակայն ոչ պակաս կարեւոր է ժամանակակիցների հետ երկխոսությունը: Այս առումով անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի մրցանակակիրները կանգ չառնեն ձեռքբերված հաջողությունների վրա:
Սրտանց մաղթում եմ ձեզ, որպեսզի լինե՛ք արդյունավետ եւ նոր ստեղծագործական թռիչքներ արձանագրեք ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ ոգեշնչումը երբեք ձեզ չի լքելու, իսկ ձեր հետեւողական ու նվիրված աշխատանքը գիտական, կրթական եւ մշակութային նոր հաջողություններ է բերելու Հայոց աշխարհին:
Առանձնահատուկ խորհուրդ կա նրանում, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելից մուտք գործելով՝ մենք ճանաչում ենք իսրայելցի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնի վաստակը «Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու» անվանակարգով:
Հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերը միշտ հաղորդակից են եղել հայ ժողովրդի ցավին ու ողբերգությանը: Հնարավոր չէ թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Բայց երկու անուն անպայման պետք է նշեմ:
Առաջինը, ավստրիացի հրեա Ֆրանց Վերֆելն է, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով զգուշացնում էր, թե ինչ արհավիրք է սպասում Եվրոպայի հրեաներին: Երբեմն գեղարվեստական մտածողության մարդիկ գիտնական¬ներից շատ առաջ են անցնում:
Երկրորդը, լեհ հրեա Ռաֆայել Լեմկինն է: Իրավաբան-գիտնական լինելով՝ նա ստեղծեց «ցեղասպանություն/գենոցիդ» եզրույթն ու դարձավ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին 1948-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիմնադիր հայրը: Պատահական չէ, որ Լեմկինն ասում էր, թե այդ աշխատանքը կատարելիս՝ նա մտովի անդրադառնում էր երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերի եւ հրեաների ապրած աղետներին:
Դուք, հարգելի՛ պարոն Աուրոն, Ձեր աշխատանքով, կանգնում եք Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այդ երկու նվիրական մարդկանց հետ նույն շարքում: Դուք՝ Ձեր ողջ գիտական վաստակով, պայքարում եք Հայոց ցեղասպանության ուրացման դեմ: Ես շատ ուրախ եմ, որ Իսրայելի եւ հրեական սփյուռքի ներկայացուցիչները պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Շատ լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, Դուք չեք հրաժարվում Ձեր նախորդների վեհ գաղափարներից»,- նշել է Սերժ Սարգսյանը:





























