Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի` կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելը նշանակում է, որ քառյակը փորձում է միավորվել, ինչը, սակայն, այնքան էլ հավանական չէ: Այս մասին այսօր` մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելով` քառյակը փորձում է միավորվել, որովհետեւ չորս ուժերի միավորումը արդյունք տալիս է, իրենք դա հասկանում են: Ինչքանով կմիավորվեն, ես չեմ կարող ասել, բայց ես կասկածում եմ: Այս ընթացքը ցույց տվեց, որ տարբեր սկզբունքներ ունեն այս չորս կուսակցությունները, սա շատ հստակ երեւաց եւ տարբեր սկզբունքներ ունեցող կուսակցությունների հայացքները հարյուր ութսուն աստիճանով փոխելը դժվար թե ստացվի»,- ասաց նա:
Ամեն դեպքում Լեռնիկ Ալեքսանյանի համար սպասելի էր քառյակի չմասնակցելը քվեարկությանը, կուսակցությունը հաշվի էր առել այդ փաստը:
«Բոյկոտը, չմասնակցելը պետք է արդյունք ունենա: Իշխանական ուժերը հասկանում էին, որ բոյկոտը ոչինչ չէր տա: Մենք հաշվի էինք առել, որ հնարավոր է բոյկոտեն, չմասնակցեն»,- ավելացրեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով կառավարության ծրագրին` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ծրագիրը նույն նախընտրական ծրագիրն է, որոշակի ճշտգրտումներով. «Սրանք հենց էնպես վերցված բաներ չեն, ընդհանուր ծրագիրը նախընտրական ծրագիրն է, ճշտգրտումներ են եղել թվերի հետ կապված, սակայն ընդհանուր ծրագիրը նախագահի, մեր կուսակցության ծրագրերն են: Շատ-շատ բաներ կապված են վարչապետից, սակայն եթե ասեմ, որ նախագահն ու վարչապետը քսան տարվա խնդիրները մեկ օրում կլուծեն, սուտ կլինի: Սկզբունքային կնճռոտ խնդիրները նոր չեն, օրինակ կոռուպցիա, մեծահարուստների անօրինական հարստացումը, սրանք մեկ օրում չեն լուծվում, սակայն համոզված եմ, որ նորանշանակ վարչապետը կկարողանա փոխել երկրի վիճակը»:
Նշենք, որ կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցեցին ոչ իշխանական բոլոր ուժերը, սակայն ծրագիրն ընդունվեց:




























