Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված, շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող 33-ամյա Անուշավան Գրիգորյանի գործը մայիսի 26-ին ընդունվել է վարույթ, այն քննվելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Անուշավան Գրիգորյանը Շանթ Հարությունյանի, Ալբերտ Մարգարյանի եւ մի խումբ այլ անձանց հետ  2013թ. նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից սկսված երթի ընթացքում` դուրս են եկել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի մաս: Այնուհետեւ չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների` հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունն ապահովելու, երթեւեկելի գոտի դուրս չգալու, ավտոմեքենաների շարժը խոչընդոտող գործողությունները եւ հասարակական կարգը խախտելը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջները, պողոտայի երթեւեկելի մասում դրսեւորել են անհնազանդություն, առողջության համար ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն են գործադրել ոստիկանների նկատամբ` իրենց ձեռքին ունեցած` Շ. Հարությունյանի կողմից  նախապես տրամադրված փայտյա մահակներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին եւ քարերով լիցքավորված բոցավառվող ինքնաշեն պայթուցիկ փաթեթներ նետել վերջիններիս ոտքերի տակ:

Անուշավան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Առաջինը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով, իսկ երկրորդը ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: