Սեուլից 58 կմ հեռավորության վրա գտնվող «Ինքս իմ ներսում» բանտը նախկին փաստաբան Քվոն Են-սոկի մտահղացման արդյունքն է: Վերջինս պատմում է, որ երկար ժամանակ լարված աշխատանքային ռեժիմի պատճառով հանգստանալու ժամանակ եւ հնարավորություն երբեք չի ունեցել, եւ ի վերջո կենսակերպը փոխելու տարբերալ է գտել:
Հարավային Կորեայի հաստատակամ բնակիչը մասամբ վերցված վարկերի եւ մասամբ էլ` բարերարների փոխանցած միջոցների հաշվին (19 մլն ԱՄՆ դոլար) մեկ տարի անց հաջողացրել է երազանքն իրականություն դարձնել: Նա նույնանման եւ ծանր աշխատանքային ռեժիմից հոգնած օրինապահ մարդկանց համար բանտ է կառուցել, հաղորդում է FederalPost-ը:
Հիմա «Ինքս իմ ներսում» հաստատության հարյուրավոր այցելուները պատրաստակամությամբ են վերակացուների պահանջներն ի կատար ածում` հանձնում են բջջային հեռախոսները, ձեռքի տակ եղած գրքերն ու մնացած բոլոր իրերը եւ մեկուսարաններում փակվում, որտեղ միայն զուգարանակոնք, լվացարան եւ մի փոքր սեղան կարելի է գտնել:
Այդ սենյակներում կորեացիները, կյանքի մասին խորհելով, իրենց ազատ ժամանակի մեծ մասն են անցկացնում: 150 հազար վոնի (146 ԱՄՆ դոլար) դիմաց բանտում երկու օր անցկացնող «հանցագործները» կարող են մեդիտացիայի եւ հոգեւոր թեմաներով ինչպես մասնավոր, այնպես էլ խմբային դասընթացների հաճախել:
«Բանտարկյալները» հիացմունքով են հեռանում ազատազրկման վայրից` ասելով, թե ազատվել են մշտական սթրեսից եւ անհավատալի թեթեւություն են ապրում:

































