«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին խորհրդարանական քառյակը նիստ էր գումարել եւ որոշել, որ առաջիկայում պետք է հանրահավաք անցկացնեն: Որոշվել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պետք է քառյակը հստակեցնի հանրահավաքի օրն ու քննարկվելիք հարցերի օրակարգը: Հանրահավաք անցկացնելու պահանջը ՀԱԿ-ինն է, որը ցանկանում է ցույց տալ, որ շարունակում է գոյություն ունենալ` որպես ընդդիմադիր կուսակցություն, եւ բավարարված չէ նոր կառավարության ձեւավորմամբ: Բայց շաբաթն անցավ եւ քառյակն այդպես էլ ոչ հանրահավաքի օրը որոշեց, եւ ոչ էլ օրակարգը:
Տեսականորեն չի բացառվում, որ քառյակը կարող է այս շաբաթ այդ հարցով նիստ գումարել: Բայց այստեղ հարցն այն է, որ քառյակում հանրահավաքի օրակարգի հետ կապված տարբեր մոտեցումներ կան, եւ այդ տարաձայնությունները կարող են թույլ չտալ, որ քառյակն այս հարցով որոշում կայացնի:
Պարզ է, որ ոչ ԲՀԿ-ն, եւ ոչ էլ ՀՅԴ-ն չեն համաձայնի, որ օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ ընդհանրապես ամբողջական իշխանափոխության հարց դրվի: Այս երկու կուսակցությունները կողմ են «փոքր քայլերով մեծ նպատակին հասնելու» մարտավարությանը: Հենց այդ պատճառով ՀԱԿ-ը փոխզիջման է գնացել եւ համաձայնել է, որ հանրահավաքի օրակարգը վերաբերի կառավարությանը: Այսինքն` քառյակը կառավարությանը պետք է ներկայացնի որոշակի պահանջներ եւ հայտարարի, որ դրանց չիրականացման դեպքում իրենք կպահանջեն նաեւ Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























