Ուկրաինական Դոնեցկ, Մարիուպոլ եւ Սլավյանսկ քաղաքներում մայիսի 26-ին ուկրաինացի ուժայինների եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած մարտերի արդյունքում ուկրաինական կողմը կորուստներ չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Դոնեցկի օդանավակայանում, Մարիուպոլում եւ Սլավյանսկում ահաբեկիչների հետ այսօրվա մարտերի մասին դիտմամբ չեմ գրում, թող այդ մասին գրեն զինվորական լրագրողները: Հոգնում ես ապրել միայն պատերազմով: Թշնամին ճնշված է, մենք կորուստներ չունենք, եւ դա է գլխավորը: Նշանակում է՝ ժամանակ ունենք մտածելու կարեւորի մասին… վառոդը չոր պահել»,-գրել է Ավակովը:
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, մայիսի 26-ին ռուսամետ ակտիվիստները փորձել են գրավել Դոնեցկի օդանավակայանը, բայց դուրս են մղվել հակաահաբեկչական ուժերի կողմից: Նախնական տվյալներով՝ ապստամբները ավելի քան 100 զոհ են տվել:
Մարիուպոլում «Ուկրաինա» գումարտակի մարտիկները եւ ՆԳՆ «Ազով» ստորաբաժանումը հաջող հետախուզական գործողություն են իրականացրել, որի արդյունքում ուժայիններին հաջողվել է ոչնչացնել առնվազն 5 ապստամբի:



























