«Վերնիսաժում» մայիսի 17-ին վիրավորված Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը (նրան ներկայացնում են՝ որպես Նորայր Հարությունյան) որոշել են ցուցմունք չտալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Ներսես Մելքոնյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը:

«Մենք առայժմ հրաժարվում ենք ցուցմունք տալուց, որպես վկա՝ իմ պաշտպանյալը օգտվում է իր իրավունքից՝ չվկայելու ինքն իր դեմ: Վալերին նույնպես դեռեւս ցուցմունք չի տվել: Չենք որոշել, թե երբ ենք պատրաստվում ցուցմունք տալ, կամ կտանք, թե ոչ»,- ասաց նա:

Դեպքի հետ կապված մանրամասներ փաստաբանը հրաժարվեց ներկայացնել՝ նշելով, որ առայժմ չեն ցանկանում խոսել: Հարկ է նշել, որ երիտասարդները այս պահին գտնվում են թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում, սակայն հրաժարվում են լրագրողների հետ խոսել: Հիվանդանոցում նույնիսկ նրանց հիվանդասենյակի տեղը չեն ասում:

Նշենք, որ դեպքի Վալերին եւ Ներսեսն գործով անցնում են՝ որպես վկաներ: 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:

Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am