Ճապոնիան Չինաստանին եւ Վիետնամին զսպվածության կոչ է անում՝ Հարավչինական ծովում նավերի բախման կապակցությամբ:

«Տեղ են գտել շատ վտանգավոր գործողություններ, որոնք սպառնում էին մարդկանց կյանքին: Կարեւոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը զերծ մնան միակողմանի քայլերից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել, եւ փորձեն հանգիստ պայմաններում կարգավորել հակամարտությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան», հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, ասիական երկու պետությունների միջեւ հակամարտությունը ծագել էր այն բանից հետո, երբ մայիսի 7-ին Վիետնամի ռազմածովային ուժերը դիմադրություն էին ցույց տվել չինական նավերին, որոնք հորատման աշտարակ էին տեղակայում Հարավչինական ծովի վիճելի կղզիների տարածքում:

Վիետնամի ԱԳՆ-ն Չինաստանի նավթարդյունահանման ծրագրերը միջազգային իրավունքին հակասող էր անվանել եւ պահանջել հանել աշտարակը: