Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 27-ին, հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի եւ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:

Նրանց հետ նախագահը քննարկել է պետության եւ հայոց եկեղեցիների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայրենիքին եւ Սփյուռքին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայապահպան կարեւոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր Նվիրապետական Աթոռների, թեմերի եւ կառույցների ամենօրյա ջանքերին: Կարեւորվել է նաեւ Հայ Առաքելական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ եւ ընդհանրապես՝ համազգային կարեւորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից Սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը:

Հանրապետության նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ վերոնշյալից բացի քննարկել է սիրիական ճգնաժամի պատճառով այդ երկրում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների ներկա վիճակի եւ նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ ժողովրդի միասնականությունը աշխարհասփյուռ հայության բարօրության, ինչպես նաեւ հայության առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու կարեւոր գրավական է, եւ այսուհետ եւս պետք է շարունակել ու առավել արդյունավետ դարձնել ջանքերի համադրումը ազգային խնդիրների լուծման ուղղությամբ: