Ուկրաինան պատրաստ է վճարել ռուսական գազի դիմաց կուտակված պարտքերը` հազար խ.մ. համար 268,5 դոլարով հետագա մատակարարումների հաստատումը ստանալուց անմիջապես հետո: Այս մասին մայիսի 27-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ, Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակն է հայտարարել:
«Մենք պատրաստ ենք հետագա մատակարարումների գինը հաստատելուց հետո վճարումներ կատարել: Վերջերս հնչեցվող առաջարկները, թե` նախ վճարեք ու հետո` խոսենք, մեզ համար ընդունելի չեն», - հայտարարել է Շլապակը` հավելելով, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, որի ընթացքում հազար խ.մ. համար 268,5 դոլարով հետագա մատակարարումներ պետք է երաշխավորվեն:
«Առանց այդ պայմանավորվածության ոչ մի վճարում չենք անելու», - նկատել է նախարարը` ընդգծելով, որ Ուկրաինան բավականաչափ արժութային պահուստներ ունի` վճարման համար, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Նշենք, որ նախօրեին Բեռլինում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ գազի շուրջ եռակողմ բանակցությունների երկրորդ փուլն է կայացել: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը, մինչեւ մայիսի 30-ը Ուկրաինայից մասնակի վճարում ստանալու պարագայում, պատրաստ է շարունակել հետագա մատակարարումների շուրջ բանակցությունները:





























