Մայիսի 26-ի երեկոյան անհայտ զինված անձինք Ուկրաինայի կոմունիստական կուսակցության Դնեպրոպետրովսկի քաղկոմի շենք են ներխուժել եւ բարիկադավորվել: Այս մասին հաղորդում է ՈւՆՆ-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Աջ սեկտորի» առաջնորդի` ընտրությունների անմիջապես հետո` իր իսկ խոսքով` «կարգուկանոն հաստատելու» նպատակով Դնեպրոպետրովսկ ժամանած Յարոշի անմիջական ենթակայությամբ եւ մարզպետի ֆինանսավորմամբ գործող այսպես կոչված «ինքնապաշտպանական ուժերի» մաս կազմող գրոհայինները Ուկրաինայի Կոմկուսի Դնեպրոպետրովսկի քաղկոմի գրասենյակի ուղղությամբ ավազակային հարձակում են իրականացրել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կուսակցության մամուլի ծառայությունից դժգոհել են, որ «գրոհայիններից ոչ ոք չի ձերբակալվել: Ոստիկանական վերակարգը կանչին կես ժամ անց է արձագանքել, չնայած մինչեւ մոտակա բաժանմունք ոտքով երեք րոպեում կարելի է հասնել»: Կոմունիստները նաեւ «պինոչետյան խունտայի» հանցագործությունների մասին են հիշեցրել եւ համոզմունք հայտնել, որ Ուկրաինան ավատատիրական իշխանությունների է բաժանվում:





























