Եվրահանձնաժողովը էներգետիկ անվտանգության ռազմավարություն է մշակել, որը Եվրոպայի` Ռուսաստանից գազի մատակարարման եւ Ուկրաինայի տարածքով տարանցման նկատմամբ կախվածությունը նվազեցնելու նպատակ է հետապնդում:
«ԵՄ էներգետիկ կախվածության կրճատման համալիր նախագիծ» անունը կրող փաստաթղթի հիմնական շեշտադրումը գազի մատարակարումներն են, որոնք ընդհանուր ներմուծման ծավալների 42 տոկոսն են կազմում, իսկ ԵՄ տարածքում հիշյալ վառելիքի օգտագործման ծավալների` 27 տոկոսը: Ընդ որում, միության վեց արեւելյան անդամ-երկրներ ամբողջովին Ռուսաստանից ստացվող մատակարարումներից են կախված, գրում է «Կոմերսանտը»:
Եվրահանձնաժողովը, ինչպես եւ նախկինում, միջին-երկարաժամկետ հեռանկարի համար այլընտրանքային աղբյուրներից գազի մատակարարումների ավելացման, ինչպես նաեւ վառելիքի` ԵՄ տարածքում ազատ տեղաշարժն ապահովելու համար ինտերկոննեկտորների արագ զարգացման ուղղությամբ է աշխատելու: Բրյուսելում ամենաազդեցիկ միջոցը մինչեւ 2020թ. էներգիայի սպառման ծավալների 20 տոկոսով կրճատման ուղղված գործողությունների իրականացումն են համարում:
Այդուհանդերձ, փաստաթղթում չի նշվում, թե երբ եւ որքանով է ԵՄ-ն կրճատելու էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Չկան նաեւ մոտավոր գնահատականներ, թե որքան են արժենալու անցումները այլընտրանքային մատակարարներին եւ վառելիքի տեսակներին: Հայտնի է միայն, որ ԵՄ անդամ-երկրների առաջնորդների` հունիսի 26-ին կայանալիք գագաթաժողովի քննարկումների հիմքում պետք է հիշյալ նախագիծը լինի:





























