ՌԴ Մոսկվայի ՔԿ Գլխավոր քննչական վարչությունը մինչեւ 2014թ. օգոստոսի 13-ը երկարաձգել է «օրենքով գող» Արտեմ Առաքելյանի (Արտեմ Լիպեցկի) եւ «հեղինակություն» Դենիս Պանինի գործի հետաքննության ժամկետը, ովքեր սերտ կապեր ունեին Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հետ: Պանինը մեղադրվում է գանգստեր Ալեքսանդր Աբասովին առեւանգելու, Առաքելյանը՝ Մերձմոսկվայում նրա սպանության համար:
Ներկայումս հսկողության տակ երեք մարդ կա՝ Պանինը, Առաքելյանը եւ նրա աջ ձեռք Աղաբաբյանը: Պանինին մեղադրանքներ են ներկայացվել ՌԴ ՔՕ 126 հոդվածով (մարդու առեւանգում), Առաքելյանին եւ Աղաբաբյանին՝ 105 հոդվածով (սպանություն):
Ալեքսանդր Աբասովի (Սաշա Աբաս) դին հայտնաբերվել էր 2012թ. հունվարի 9-ին՝ ջրատար խողովակում: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ նա զոհվել է գլխի հրազենային հինգ կրակոցներից: Ըստ իրավապահների՝ 2011-ին Աբասովը փորձել էր խանգարել Արտեմ Առաքելյանի «թագադրմանը»: Վերջինս «գող» պետք է դառնար Դեդ Հասանի որոշմամբ: Արդյունքում Հասանի մտերիմ Պանինը Աբասովին հանդիպման էր հրավիրել, որի ավարտին վերջինս սպանվել էր:





























