Վարդան Պետրոսյանի գործով ֆրանսերենից անորակ թարգմանությանների համար խիստ զգուշացումներ են տրվել: Այս մասին մայիսի 27-ին 2013թ. պետբյուջեի իրականացման շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Հարցման հեղինակը նշել է, որ դատական վերջին նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի խոսքն այնքան անորակ է թարգմանվել, որ նույնիսկ ինքը` փաստաբանն է դա նկատել: Փոլադյանը համաձայնել է` ասելով, որ դատական թարգմանությունների որակը ցավալի փաստեր է գրանցում: 2013թ. հիշյալ ծառայությունը հայտարարված տենդերի արդյունքում «Վի Գրուպ» ընկերությանն է վստահվել: «Մենք տեղյակ ենք պատահածի մասին եւ արդեն զգուշացում ենք ուղարկել նրանց: Ներկայացված մասնագետը գրավոր թարգմանության է տիրապետում, արդյունքում բանավոր խոսքի հետ կապված խնդիրներ են ծագել», - մեկնաբանել է դատական դեպարտամենտի ղեկավարը: Այդուհանդերձ, նա մտահոգություն է հայտնել, թե ինչպես կարող է պետությունը վճարել, եթե գործընթացի կողմերն իրենք թարգմանիչ ընտրեն: «Թարգմանչական ծախսերն տարեց տարի աճում են:
2013թ. դատական թարգմանությունների համար պետ.բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ, որը չի բավարարել, ինչի հետեւանքով էլ դատարանների պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացվել է եւս 57 մլն դրամ», - նշել է Կարեն Փոլադյանը:
Դերասան Վարդան Պետրոսյանը 2013թ. նոյեմբերին է ձերբակալվել` անզգուշության հետեւանքով ճանապարհային վթարի պատճառ դառնալու մեղադրանքով: Փաստաբան Մարի Դոզեն մտադիր է բողոքարկել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու եւ մինչեւ դատական գործընթացի ավարտը ազատ արձակելու միջնորդության մերժումը:





























