Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, Վանաձորի զորամասերից մեկի զինծառայող, 20-ամյա Մնացական Մինասյանին մայիսի 29-ին տեղափոխելու են Երեւանի Մուրացանի անվան հոսպիտալ՝ ոտքի «մինեսկը» վիրահատելու: Այս մասին NEWS.am-ին ասաց զինվորի մայրը՝ Նարինե Հարությունյանը:
«Մայիսի 27-ին ցերեկը տղայիս բերել են Վանաձորի հոսպիտալ, որտեղ հարցրել են՝ ուզում ես վիրահատենք, ինքն էլ համաձայնվել է, ու խոստացել են մայիսի 29-ին տեղափոխել Երեւանի Մուրացան հոսպիտալ եւ վիրահատել ոտքը»,- ասաց նա:
Տիկին Նարինեի խոսքով՝ որդին մինչեւ Երեւան տեղափոխվելը կմնա Վանաձորի հոսպիտալում:
Ավելի վաղ զինծառայողի մայրը NEWS.am-ին պատմել էր, որ որդին երեք տարի առաջ ծանրամարտով զբաղվելիս վնասել էր ոտքը, այդ ժամանակ բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատել, սակայն ծնողները չէին համաձայնվել:
«Դրանից հետո մեկ տարով բանակ գնալը հետաձգեցին, բայց դե ի վերջո էս տարվա հունվարի 20-ին տարան: Հիմա էնտեղ ոտքից շատ է բողոքում, չի կարողանում նորմալ քայլել, ոտքը կարճանում է: Բացի դրանից՝ հրամանատարները ոչ մի բան հաշվի չեն առնում, ստիպում են, որ ամեն ինչ անի, ասում են՝ եկել ես, պիտի անես, մեզ չի հետաքրքրում»,- ասել էր Նարինե Հարությունյանը:





























