Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հերթական զեկույցն է հրապարակել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ՝ ընթացիկ տարվա ապրիլի կտրվածքով։ Թեեւ կադաստրային տվյալները շատերի մոտ կասկած են հարուցում, քաղաքների միջեւ գների հարաբերակցությունը, այնուամենայնիվ, որոշակիորեն արտացոլում է իրականությունը։
Բոլոր պետություններում մայրաքաղաքի բնակարանները շրջաններից ավելի թանկ են, թեեւ լինում են բացառություններ. դասական օրինակ է Նյու Յորքը։ Այնպես որ՝ հարցը մայրաքաղաքը չէ, այլ այն, թե որ քաղաքում է կենտրոնացած սոցիալ-մշակութային եւ տնտեսական կյանքը։ Գաղտնիք չէ, որ մեզ մոտ մարզերում կյանքն ավելի դժվար է, քան մայրաքաղաքում։
Սեփականատերերի կողմից բնակարանը վաճառելու պատճառները բազմաթիվ են, բայց կարելի է առանձնացնել սկզբունքայինները։ Մարդիկ տունը վաճառում են Հայաստանից արտագաղթելիս (կամ երկրի այլ վայր տեղափոխվելիս)։
Ոմանք հնարավորության դեպքում բարելավում են իրենց ֆինանսական դրությունը՝ տունը շահավետ վաճառելով եւ արդյունքում բնակպայմանները բարելավելով։
Պատահում է, որ հարստացած քաղաքացին բնակարանը վաճառում է ավելի լավը գնելու համար: Ոմանք պարզապես բնակարան են գնում՝ կապիտալ ունենալու համար: Սակայն միանշանակ բնակարաններ վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Այս գործոնն էլ կանխորոշում է գինը՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Հասկանալի է նաեւ, որ անշարժ գույքի շուկայի առումով մարզի քաղաքները չեն կարող մրցել մայրաքաղաքի հետ:
Տարբերությունն ակնհայտ ցույց տալու համար՝ հաշվենք մարզերում բնակարանների շուկայական արժեքը Երեւանի համար ստանդարտ 63 քմ-ի համար:
Երկրի նշանակությամբ երկրորդ քաղաք Գյումրիում (23 հազար բնակարան), շուկայական միջին գինը մայրաքաղաքի ցուցանիշի միայն 40%-ն է: Երրորդ քաղաքի՝ Վանաձորի համար (26 հազար բնակարան) հարաբերակցությունն ավելի վատ է՝ 32%:
Մարզերի 48 քաղաքներից, որտեղ գների դիտարկում է անցկացվել, միայն Ծաղկաձորում է (166 բնակարան) բնակարանն ավելի թանկ, քան Երեւանում: Ամենացածր ցուցանիշը՝ 3%, խորհրդանշական Դաստակերտ «քաղաքինն» է, որտեղ միայն ութ բազմահարկ շենք կա՝ 84 բնակարանով:
Ծաղկաձորից հետո բարձր հարաբերակցություն ունեն մայրաքաղաքից փոքր հեռավորության վրա գտնվող քաղաքները. Աբովյան (57%) եւ Վաղարշապատ (63%): Այնպես որ, մնացած բոլոր գործոնների դեպքում բնակարանի գնի վրա ազդում է նաեւ մայրաքաղաքից տվյալ քաղաքի հեռավորությունը: Հավելենք, որ միջին գները սահմանելու համար Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն օգտագործում է նաեւ բնակարան առաջարկելու գները: Մասնավորապես, եթե բնակարանի առուվաճառքի գործարքներ տվյալ բնակավայրում հաշվետու ժամանակահատվածում չեն եղել:

Սմբատ Գրիգորյան





























