Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի հայտարարությունը հայ աշխատանքային միգրանտների համարպայմանները բարելավելու մասին, լավ նորություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

«Ազատ տեղաշարժը միշտ էլ օգտակար է: Այո, այդ աշխատանքը արտագնա է, բայց դա այլ խնդիր է: Գլխավորը, որ բնակիչները վերադառնան հայրենիք: Այլ խնդիր է, երբ գնում ու չեն վերադառնում: Իսկ այսպես շարժունակ լինելն, իհարկե, օգտակար է»,-հայտարարել է Ցորակյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում, իր երկրի քաղաքացիները կազատվեն աշխատանքի ընդունվելու թույլտվության փաստաթղթերից: Միասնական տնտեսական տարածքի  երկրների աշխատանքային միգրանտները կարող են երկիր մուտք գործելու օրվանից 30 օր միգրացիոն հաշվառման չկանգնել: Նրանց երեխաները կարող են հաճախել մանկապարտեզներ: Կրթության վերաբերյալ փաստաթղթերը գործուն կլինեն առանց վավերականության հաստատման, իսկ աշխատողները անվճար շտապ բուժօգնության իրավունք կստանան՝ ընդհանուր հիմունքներով:

Նախնական տվյալներով՝ Ռուսաստանում է գտնվում 503 հազար ՀՀ քաղաքացի:.