Մալայզիական ավիաուղիների` մարտ ամսին անհետացած Boeing-777 ինքնաթիռը Հնդկական օվկիանոսի այն գոտում չի վթարի ենթարկվել, որտեղ սեւ արկղերի որոնումներ էին ընթանում: Այս տեղեկությունը, որոնումների համակարգման կենտրոնի կողմից տարածված հաղորդագրությունը վկայակոչելով, France-Presse գործակալությունն է հաղորդում:

«Հիմա կարող ենք ասել, որ МН370 չվերթն այդ գոտում չի ընդհատվել», - ասվում է հայտարարության մեջ:

Նախօրեին ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի ստորջրյա տեխնիկայի մասով տեղակալ Մայքլ Դինը հաղորդել է, որ որոնումների գոտում ստացված ստորջրյա ազդանշանները Malaysia Airlines ավիաընկերության` մարտ ամսին անհետացած Boeing 777 ինքնաթիռի սեւ արկղերից չեն հաղորդվել: Դրանք, ամենայն հավանականությամբ, որոնողական նավերից կամ Towed Pinger Locator ավտոմատ կառավարմամբ ստորջրյա ապարատից են ստացվել, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Հիշեցնենք` Malaysia Airlines ավիաընկերության` Կուալա-Լումպուրից Պեկին MH370 չվերթն իրականացնող Boeing 777 ինքնաթիռը ռադարներից էկրանից մարտի 8-ի գիշերն է անհետացել: Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը մարտի 24-ին հայտարարել էր, թե օդանավը Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում է վթարի ենթարկվել. այդ մասին էին վկայում արբանյակներից ստացված տվյալները: Ենթադրաբար, վթարի հետեւանքով անձնակազմի 12 անդամներից եւ 227 ուղեւորներից ոչ ոք կենդանի չի մնացել: