Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում, որի ընթացքում ամփոփվել են թիկունքային ապահովման եւ ռազմաբժշկական ոլորտի ուղղությամբ 2013թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են հետագա խնդիրներն ու անելիքները: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացելով նիստը եւ կարեւորելով թիկունքային ու ռազմաբժշկական ծառայությունների արդյունավետ աշխատանքների անհրաժեշտությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է սահմանային իրավիճակի մասին, անդրադարձել վերջին շրջանում արձանագրված միջադեպերին: Նշվել է, որ սահմանին կանգնած հայ զինվորը լիարժեքորեն կատարում է առաջադրված խնդիրները, զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել:

Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի ոտնձգությունները կանխելու, զգոնություն, վճռականություն, անձնական խիզախություն ցուցաբերելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաեւ զինվորական բարձր կարգապահության եւ օրինակելի վարքի համար մի շարք զինծառայողներ կոլեգիայի նիստի ընթացքում պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով:

Կոլեգիայի նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Զեկույցում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում թիկունքային ապահովման եւ ռազմաբժշկական ոլորտներում կատարված աշխատանքների առանցքային ուղղությունները, խոսվել է սննդամթերքի, վառելիքա-քսուքային նյութերի եւ հանդերձանքի մատակարարման, բանակային ու զորային պահեստների, նյութական ապահովման զորամասերի, ստորաբաժանումների բուժկետերի սանիտարահիգիենիկ վիճակի, բժիշկ-մասնագետների պատրաստման, դեղորայքային ապահովման խնդիրների եւ այլ ուղղություններին առնչվող տարաբնույթ հարցերի մասին:

Ելույթներ են ունեցել նաեւ եկել նաեւ թիկունքային ապահովման ու ռազմաբժշկական ոլորտների մի շարք պատասխանատուներ, զորամիավորումների հրամանատարներ, հրամանատարների թիկունքային ապահովման գծով տեղակալներ:

Հնչած զեկույցների ու ելույթների ավարտին հարցադրումներով ու առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Ալիկ Միրզաբեկյանը, կոլեգիայի այլ անդամներ:

Ամփոփելով կոլեգիայի նիստ աշխատանքները եւ կարեւորելով թիկունքային ապահովման եւ ռազմաբժշկական ծառայության դերն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական իրավիճակում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ուղղությունների պատասխանատուներին` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու եւ իրականացնելու համար: