Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս Գեւորգյանն այսօր գիշերը ժամը 3-ին ձերբակալվեն են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրանց առայժմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Գեւորգյանի եւ Քիրամիջյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ ձերբակալման արձանագրության մեջ նշված չէ, թե ինչ խուլիգանության մասին է խոսքը։ Լուսինե Սահակյանն ասաց, որ Դ. Քիրամիջյանն ու Ս. Գեւորգյանը բռնության են ենթարկվել, հատկապես Դավիթը, ով  վնասվածքներ ունի։ «Իսկ հոգեբանորեն կոտրված չեն, բավական ուժեղ տղաներ են»,-ասաց  փաստաբանը։

Նշենք, որ երիտասարդների գտնվելու վայրը երեկ մինչեւ ուշ գիշեր հայտնի չէր։ Նրանք եւս, ի թիվս մոտ երկու տասնյակ մարդու, Ազատության հրապարակից եւ Սարյանի արձանի մոտակայքից բերման էին  ենթարկվել ոստիկանություն։ Սարգիս Գեւորգյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Անի Գեւորգյանի եղբայրն է. Անի Գեւորգյանը եւս երեկ բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները մայիսի 28-ից բողոքի ակցիաներ են  անցկացնում  Ազատության հրապարակում՝ մասնավորապես՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերաբացել «Ա1+»-ը։