Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է իր «խելացի» ժամացույցների մի քանի տարբերակ թողարկել: Ըստ The Wall Street Journal-ի, աղբյուրները հավաստիացնում են, որ սպառողներին առաջարկելու են տարբերակներ, որոնք միմյանցից հիմնականում տարբերվում են էկրանի չափերով:

Ըստ աղբյուրների, սարքի վերջնական բնութագիրը նախկինի պես համաձայնեցվում է զանգվածային արտադրության նախաշեմին: Որոշ տեղեկությունների համաձայն, «խելացի» ժամացույցներն ավելի քան 10 սենսոր են ստանալու:

Газета.Ру-ի փոխանցմամբ, գաջեթի թողարկումը, հնարավոր է, տեղի ունենա հոկտեմբերին: Ըստ որոշ տեղեկությունների, այս տարեվերջին Apple-ի «խելացի» ժամացույցների սպառումը կկազմի 10-ից 15 միլիոն օրինակ:

Խոշոր ընկերությունները, այդ թվում՝ Google-ը եւ Samsung-ը, շեշտը դնում են սենսորային այն սարքերի վրա, որոնք կարողանում են չափել մարմնի ջերմաստիճանը, որոշել աշխարհագրական վայրը եւ ձայնային հրամաններ ընդունել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple-ի անանուն աշխատակիցները հաստատել են iWatch սարքերի՝ «խելացի» ժամացույցների ստեղծումը: