Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 24-ին, ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը պատրաստ չէր պաշտպանական ճառին։
«Խնդրում եմ դատական նիստը հետաձգել, որովհետեւ այսօր պատրաստ չեմ ճառին»,- ասաց Դավիթ Խաչատրյանը դատավորին։
Նշենք, որ իր պաշտպանական ճառում մեղադրյալի փաստաբան Երեմ Սարգսյանը մանեկենների օգնությամբ ցուցադրեց գնդակի ուղղության իր վարկածը եւ հայտարարեց, որ փորձագիտական եզրակացության արդյունքները այդ մասով սխալ են եւ անհիմն։
«Գնդակն առաջինը կպել է Հրաչյա Սարգսյանին, հետո պատին, դրանից հետո նոր հետացատկով Լյուքս Ստեփանյանի գլխի հետեւի կողմից հարվածել է, ինչը ելակետային վկաներն էլ են նշել, այսինքն՝ փորձագիտական եզրակացությունը սխալ է եւ անհիմն»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Նա դատարանին խնդրեց վերավորակել մեղադրանքը որպես անզգուշությամբ պատճառված մահ կամ աֆեկտի վիճակում գտնվելու հետեւանքով կատարված գործողությունների հետեւանքով առաջացած մահ։
Նա կոչ արեց արդարադատությունը չխառնել վշտի հետ եւ կայացնել արդար ու անաչառ որոշում։
Մեղադրյալի մյուս պաշտպան Վաղինակ Գեւորգյանն էլ դատարանից խնդրեց հաշվի առնել պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները։
Նրա խոսքով՝ դատախազի առաջարկած 18 տարվա ազատազրկումը շատ խիստ է եւ հաշվի չի առնում իր պաշտպանյալի անձը բնութագրող հանգամանքները, նաեւ մեղմացնող հանգամանքները։
«Դավիթ Խաչատրյանը զղջացել է կատարվածի համար, ափսոսանք է հայտնել, ինչը մեղմացնող հանգամանք է»,-ասաց Վաղինակ Գեւորգյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 4-ին
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:





























