«Վերնիսաժում» մայիսի 17-ին վիրավորված Մյասնիկ Հայրապետյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ՝ Մյասնիկ Հայրապետյանը դուրս է գրվել հունիսի 27-ին:
Նշենք, որ Մյասնիկ Հայրապետյանը դեպքի օրը «Վերնիսաժ» էր գնացել շուն գնելու, երբ իր վրա կրակել են: Բժիշկները մի քանի օր պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Հունիսի 18-ին նրան երկրորդ անգամ վիրահատել էին:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը: Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ ըստ փաստաբանների՝ երկարատեւ բուժման կարիք ունի։




























